9 մարտի 2017 - 16:01 AMT
Վարչապետը կարևորում է Հունաստանի հետ տնտեսական կապերի զարգացումը՝ անելիքները շատ են

ՀՀ և Հունաստանի բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, բայց Երևանը շահագրգռված է էլ ավելի ակտիվացնել դրանք և նոր որակ հաղորդել: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

2017-ին լրանում է հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

Կառավարության ղեկավարը, մասնավորապես, կարևորել է երկկողմ տնտեսական կապերի զարգացումը՝ նշելով, որ այս ոլորտում շատ անելիք կա, և ներուժը շատ ավելին է, քան օգտագործվում է: Վարչապետը նաև ողջունելի է համարել միջազգային հարթակներում Հայաստան-Հունաստան համագործակցությունը և միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ մոտեցումների համընկնումը:

Նշելով, որ ուրախ է գտնվել բարեկամ Հայաստանում՝ Հունաստանի ԱԳ նախարարը ՀՀ վարչապետին է փոխանցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ջերմ ողջույնները: «Մենք եղբայր ազգեր ենք միշտ եղել: Իմ այցը մեկ նպատակ ունի՝ պետք է ստեղծենք ռազմավարական գործընկերություն», - ասել է Նիկոս Կոցիասը:

Բարձր գնահատելով հայ-հունական քաղաքական երկխոսությունը՝ Հունաստանի ԱԳ նախարարը ևս համակարծիք է եղել, որ տնտեսական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են գտնվում, և անհրաժեշտ է ինտենսիվ աշխատել դրանք համաչափ զարգացնելու ուղղությամբ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

ՀՀ վարչապետը և Հունաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափով տնտեսական գործակցության խորացման հարցին, կարևորել հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Կողմերը քննարկել են, մասնավորապես, հայ-հունական գործարար համաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է հստակեցնել այն ոլորտները, որոնք կարող են փոխադարձ ներդրումային հետաքրքրություն ներկայացնել երկու երկրների գործարարների համար և ակտիվ աշխատել համատեղ հնարավոր ծրագրերի վրա:

Կարեն Կարապետյանն ու Նիկոս Կոցիասը մտքեր են փոխանակել նաև Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, ԵՄ-ԵՏՄ երկխոսության զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային գործակցության հեռանկարների վերաբերյալ:

2016-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Հունաստանը մտադիր է ընդլայնել գործակցությունը ԵՏՄ հետ: ԵՏՀ ներկայացուցիչները դեկտեմբերի 15-ին Սալոնիկում կներկայացրել են միության նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև Հունաստանի հետ ԵՏՄ համագործակցության գործարար հնարավորություններն ու հեռանկարները: