Հայաստանը միշտ բաց է հարաբերությունները կարգավորելու համար՝ նաև Թուրքայի հետ՝ առանց նախապայմանների: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ համատեղ ասուլիսում:
Նախարարը հույս է հայտնել, որ մի օր Թուրքիան նույն դիրքորոշումը կունենա, ինչ Հայաստանը, կհարգի այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք է բերում այլ երկրների հետ, հայտնում է Panorama.am-ը:
Նալբանդյանը հիշեցրել է, որ Հայաստանը բավականին քայլեր արել է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ՀՀ նախագահը հանդես էր եկել նախաձեռնությամբ, սակայն Թուրքիան հետ է կանգնել պայմանավորվածություններից: Նախարարը նաև նշել է, որ թեև ստորագրել էին արձանագրությունները, սակայն հետո Թուրքիան հրաժարվեց վավերացնել դրանք:
2008թ. ՀՀ նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններ:
Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով ձեռք բերված համաձայնությունից, Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ: 2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին: