Քրդերի մասնակցությունը ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայիններից Ռաքքայի ազատագրման գործողությանը վկայում է այն մասին, որ նրանց աջակցություն է երաշխավորված Սիրիայի ճակատագիրը որոշելիս: Այդ մասին հայտնել է աղբյուրը ՌԴ ԱԳՆ-ում:
Սիրիայի ժողովրդավարական ուժերը, որոնց կորիզը կազմում են քրդերն ու տեղի արաբական ցեղերը, մասնակցում են Ռաքքայի ազատագրմանը ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ:
«Քրդերի հավակնությունները Ռաքքայի հանդեպ և նրանց կողմից վերահսկվող տարածքների ընդլայնումը Քրդստանի սահմաններից դուրս՝ արտաքին ազդեցության վկայություն են»,-գրում է «Իզվեստիան»:
ՌԴ Դաշնության խորհրդում, ըստ թերթի, կարծում են, որ այս հարցում իր խաղն է վարում ԱՄՆ-ն, իսկ ահաբեկչության դեմ պայքարի հետևում կարող է թաքնված լինել քրդերի օգնությամբ երկիրը փլուզելու Վաշինգտոնի մտադրությունը:
Աղբյուրը ՌԴ ԱԳՆ-ում ասել է, թե քրդերի մասնակցությունը Ռաքքայի ազատագրմանը թելադրված է այն հանգամանքով, որ արտաքին ուժերը նրանց աջակցություն են խոստացել սիրիական հակամարտության կարգավորման ընթացքում:
«Ռաքքան վերցնելու անհրաժեշտություն քրդերը չունեն: Նրանց առաջին հերթին հետաքրքրում են Քրդստանի տարածքները»,-ասել է թերթի զրուցակիցը:
Քրդերին հաջողվել է մեկուսացնել Ռաքքան արտաքին աշխարհից: Նրանք այժմ վերահսկում են քաղաքից դեպի հյուսիս ընկած տարածքը, նրանք փակել են նաև Ռաքքան Դեր Զորի հետ կապող մայրուղին: Հարավից քաղաքը անջատված է Եփրատով, որը կարելի էր հատել 2 կամրջով, սակայն մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ գլխավորած կոալիցիան ռմբակոծեց դրանք: Այժմ Ռաքքան փաստացի շրջափակման մեջ է: