13 մարտի 2017 - 11:39 AMT
Դերասան Վարդան Պետրոսյանը վաղաժամկետ ազատ է արձակվել

Դերասան Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել:

Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը PanARMENIAN.Net-ին տեղեկացրել է, որ քրեակատարողական հիմնարկը քննել և որոշել է բավարարել նրա՝ պայմանական վաղաժամկետ ազատելու համար դիմումը:

Բաղդասարյանը նշել է, որ տարածված տեղեկատվությունը, թե դերասանն ազատ է արձակվել ՀՀ նախագահի ներումով, իրականությանը չի համապատասխանում:

«Պետրոսյանը նախագահին ներման խնդրանքով չի դիմել, նա դիմել է քրեակատարողական հիմնարկ, որը և կայացրել է որոշումը», - պարզաբանել է պաշտպանը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015-ի սեպտեմբերի 2-ին որոշում է կայացրել դերասան Վարդան Պետրոսյանի պատիժը բաց ռեժիմով կրելու մասին: 2015-ի մայիսին վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Վարդան Պետրոսյանի գործով առաջին ատյանի դատարանի՝ 5 տարվա ազատազրկման վճիռը:

Ավտովթարի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը պաշտոնապես ավարտվել էր 2015-ի հունվարի 23-ին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել, քանի որ 2013-ի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի Սարալանջ գյուղից դեպի Երևան իր անձնական «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ավտոմեքենայով հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին, ոչ պատշաճ, վտանգավոր երթևեկություն է իրականացրել:

Ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն՝ 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում օգտվելով հեռախոսակապից, զրկել իրեն ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից:

Բախման հետևանքով «Վազ 21214»-ի ուղևորներ էդվարդ ու էդգար Հակոբյանները մահացել են, Տաթևիկ Հակոբյանի առողջությանը կյանքին վտագ սպառնացող ծանր վնաս է պատճառվել, Հայկ ու էմմա Հակոբյանների, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանի առողջությանը՝ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս: Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: