13 մարտի 2017 - 17:50 AMT
Ավելի քան 20 ՀՀ ընկություն է մասնակցել ITB Berlin-2017 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Մարտի 8-13-ը Բեռլինում անցկացվել է ITB Berlin-2017 ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին այս տարի ևս մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը։

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ և Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Հայաստանից ցուցահանդեսին մասնակցում էին երկու տասնյակից ավելի զբոսաշրջային ընկերություն, անհատ տուր օպերատորներ և հյուրանոցային բիզնեսը ներկայացնող կազմակերպություններ, որոնք հնարավորություն ունեցան մեծ ճանաչում ունեցող այս ցուցահանդեսում ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությանն ու հնարավորություններին վերաբերող փաթեթներ։

Հայկական տաղավարում երաժշտական կատարումներով հանդես է եկել Գրիգոր Շագոյանի ղեկավարած «Ագուա-տրիո» համույթը:

Մարտի 11-ին ՀՀ դեսպանությունում ցուցահանդեսի մասնակիցներին ընդունել է Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով նրանց հետ քննարկեց ընթացիկ և սպասվող մի շարք ծրագրեր:

ITB Berlin ցուցահանդեսն անցակացվում է 1966-ից և իր մասնակիցների թվով աշխարհում համարվում է ամենամեծը։ Լավագույն հանգստավայրերն ու զբոսաշրջային փաթեթները ներկայացնելու համար այս ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում են 5 մայրցամաքի 190 երկիր և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։

Ցուցահանդեսի նպատակն է տարբեր երկրների զբոսաշրջային ուղղությունների և կարողությունների ներկայացումը, զբոսաշրջային և գործնական ճանապարհորդությունների համար նախատեսված վերջին նորարարությունների ցուցադրումը, զբոսաշրջության ոլորտում նոր շուկաների բացահայտումը: 2017-ին ITB Berlin ցուցահանդեսի գործընկեր երկիրն էր Բոթսվանայի Հանրապետությունը: