14 մարտի 2017 - 12:58 AMT
Արցախի ԱԳՆ ղեկավարը Հունաստանում ներկայացրել է շփման գծում իրադրությունը

Մարտի 13-15-ը ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպվող «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում է գտնվում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։

Նա Հունաստանի Հայոց ազգային առաջնորդարանում հանդիպել է Կաթողիկոսական փոխանորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանի և Հունահայոց ազգային վարչության անդամների հետ։

ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև Արցախի ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրադրությունը և պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին։

ԱԳՆ ղեկավարի այցը սկսվել է Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցի և մի շարք հայկական ուսումնական հաստատություններ, մասնավորապես, «Գալփաքյան» ու «Զավարյան» վարժարաններ այցելություններից, որտեղ նախարարը ծանոթացել է նրանց գործունեությանը և շփվել սաների հետ։

Մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 630 կրակոց:

Մարտի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց:ԱՀ ՊՆ հաղորդմամբ, շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ (1 արկ):