Ընտրությունները ենթադրում են մրցակցություն, սակայն մրցակցության վերածումը բռնության որևէ կերպ ընդունելի չի կարող լինել: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ես խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում ցանկացած անձի կողմից: Անկախ քաղաքական պատկանելությունից, զբաղեցրած պաշտոնից կամ ճանաչելիությունից՝ բոլոր նրանք, ովքեր Ջրառատում խախտել են օրենքը, ենթակա են պատասխանատվության:
Ես տեղյակ եմ, որ իրավապահ մարմինները արդեն իսկ իրականացնում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական գործողությունները՝ նշված դեպքին օբյեկտիվ և բազմակողմանի իրավական գնահատական տալու համար: Վստահ եմ, որ հետագա զարգացումների մասին օրենքով թույլատրելի շրջանակներում իրավապահ մարմինները դեռ լրացուցիչ հրապարակային տեղեկություններ կտրամադրեն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանը:
Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցների և նույն գյուղի գյուղապետի միջև բախում է տեղի ունեցել: ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաղորդագրություն է տարածել՝ մեկնաբանելով միջադեպը: Նա նշել է, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: Կան ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ: Գործին կտրվի համապատասխան ընթացք:
ՕՐՕ նախընտրական շտաբի տեղեկություններով մարտի 14-ին Ջրառատ գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները «զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա»:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանը՝ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, երկու և ավելի անձի միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։