16 մարտի 2017 - 12:19 AMT
Թուրքիան «անցանկալի» է հայտարարել հոլանդական կովերին

Դիվանագիտական ճգնաժամը Նիդերլանդների և Թուրքիայի միջև չի շրջանցել նույնիսկ կովերին: Թուրքիայի անասնապահների ասոցիացիան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել հոլանդական կովերին:

40 կովից բաղկացած առաջին գլխաքանակն արդեն բեռնվել է և շուտով հետ է ուղարկվելու: Այդ մասին մարտի 15-ին հայտարարել է Թուրքիայի անասնապահների ասոցիացիայի ղեկավար Բյուլենթ Թունջը, գրում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով:

Եթե Նիդերլանդները հրաժարվեն ընդունել կովերին, ապա կենդանիները սպանդանոց կուղարկվեն, հավելել է նա:

«Ապագայում մենք չենք ցանկանում կենդանական ծագման մթերք ստանալ Հոլանդիայից»,-հայտարարել է Թունջը:

Ըստ նրա, թուրք անասնապահներն այժմ մտադիր են սեփական ցեղատեսակների կովեր բուծել:

Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ:Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին:

Ավելի վաղԲելգիական Անտվերպենի նահանգապետ Բարտ դե Վեյվերն արգելել է մարտի 17-ին կայանալիք թուրքերի հանրահավաքն այդ մեծության երկրորդ քաղաքի արվարձանում՝ Բերկեմում:

Վերջին օրերին Թուրքիայի հարաբերությունները մի շարք եվրոպական երկրների հետ վատթարացել են: Թուրքիան հասցրել է առճակատման մեջ մտնել Գերմանիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Բելգիայի, Դանիայի և Շվեդիայի հետ: