16 մարտի 2017 - 14:13 AMT
Ադրբեջանից հայ փախստականներն օգնության խնդրանքով դիմել են Պուտինին

Ադրբեջանական ԽՍՀ-ից հայերի միավորումն ու Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով միջամտել Բաքվում ձերբակալված ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

Պուտինին հասցեագրված նամակը պաշտոնապես գրանցվել է նրա աշխատակազմում և ըստ օրենքի, վերահասցեագրվել ՌԴ ԱԳՆ, հայտնում է Rusarminfo-ն:

Նկարագրելով Բաքվում ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործը, որը ձերբակալվել է Բաքվում իր հայկական ծագման համար, չնայած որ նախկինում բազմիցս է եղել Ադրբեջանում, նամակի հեղինակները գրել են. «Նրան ոչ ոք և ոչինչ չի կարող փրկել: Այսօրվա աշխարհում նա դատապարտված է. նա փախստական է՝ համաշխարհային խնդիրների լուծման գործիք»:

Մարատ Ուելդանով-Գալուստյանը 1982 թվականին ծնվել է Բաքվում եւ ամուսնանալուց հետո վերցրել է կնոջ ազգանունը: Այդ իսկ պատճառով մինչև ձերբակալվելը խնդիրներ չի ունեցել Ադրբեջանում:

Դիմելով Պուտինին՝ նամակի հեղինակները գրել են. «Դուք եք գլխավոր անձը, որը պատասխանատու է այս գործընթացի համար: Խաղաղությանը, հումանիզմին և մարդկությանը վերադառնալու գործընթացի, որը մենք բոլորս կորցրել ենք: Եվ թող ոչ միայն Դոնբասի, Օսիայի ու Ղարաբաղի երեխաների մահն ու հաշմությունը, այլ նաև Մարատ Գալուստյանի հասարակ պատմությունը մշատական հիշեցում դառնա Ձեր և Ձեր հետ միասին մեր նախաձեռնությունների անհետաձգելիության մասին»,-ասվում է ուղերձում:

Ռուսաստանի քաղաքացի, հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանը հունիսի 9-ից գտնվում է Ադրբեջանի Անվտանգության պետական ծառայության քննչական մեկուսարանում։ Նրա ձերբակալությունը սոցցանցերում լայն քննարկման առիթ է դարձել։ Գալուստյանն ավստրիական Do&Co ընկերության ներկայացուցիչն է, որն զբաղվում էր Բաքվում Formula 1-ի մրցաշարի մասնակիցներին սննդի մատակարարմամբ: Ավելի վաղ՝ 2015 թվականին, Ուելդինովը Բաքու է այցելել նաև Եվրոպական առաջին խաղերի առիթով, սակայն խնդիրներ չի ունեցել:

Ավելի վաղ ի պատասխան Ուելդանով-Գալուստյանի ընտանիքի բողոքների՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանությունն առաջարկել է նրանց ըմբռնումով վերաբերվել երկրում տիրող իրավիճակին ու նշել, որ «հայկական ծագումը բարդացնում է նրա պաշտպանությունը»: Դրանով իսկ դեսպանությունը փաստացի հաստատել է քաղաքացու հետապնդման ազգային դրդապատճառը: