16 մարտի 2017 - 13:42 AMT
ՊԵԿ-ի ուս.կենտրոնը կփոխանցվի ռազմական ուսումնարանին

Դիլիջանի ուսումնական կենտրոնը կփոխանցվի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանին: Կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել մարտի 16-ի նիստում:

Կենտրոնը կփոխանցվի ռազմամարզական գործունեության համար:

Այս կենտրոնի կառուցումը սկսվել էր ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին: 2011-2016 թվականների ընթացքում Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև ձեռք բերված գույքի և վարչական սարքավորումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 16 միլիարդ դրամ:

Կառավարության նոյեմբերի 10-ի նիստում առանց որևէ հիմնավոր պատճառաբանության հաստատվել է Դիլիջանի ուսումնական կենտրոնի՝ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը փոխանցելու որոշման նախագիծը։ Նշվում էր, որ ներկայումս աննպատակահարմար է Պետական եկամուտների կոմիտեի կողմից Դիլիջանի ուսումնական կենտրոնի շահագործումը։

Կարդացեք նաև՝ Փողը՝ քամուն. Ինչ կարելի էր անել Դիլիջանի ուսումնական կենտրոնի վրա վատնած 16 մլրդ դրամով