Մարտի 16-ին ԵԼՔ դաշինքի Կենտրոնական գրասենյակում դաշինքի անդամներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը և Արտակ Զեյնալյանն ընդունել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկուն և Քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունները վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի ընթացքի և ներքաղաքական իրավիճակի շուրջ։ Դաշինքի անդամները դեսպանին հայտնել են ընտրական գործընթացների մասին իրենց մտահոգությունները։
«Ելք» դաշինքի անդամներ, Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածուներ Արայիկ Հարությունյանը և Տիգրան Ավինյանը մարտի 15-ին հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուի և լրատվական հարցերով վերլուծաբան Էլմա Շեխալիչի հետ:
Ըստ դաշինքի հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են լրատվական միջոցների կողմից քարոզարշավի լուսաբանման խնդիրները, իշխանությունների և նրանց կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից Ազգային ժողովի ընտրությունների ապաքաղաքականացման միտումները:
Մասնավորապես, «Ելք» դաշինքի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել հեռուստաեթերում քաղաքական բանավեճերի բացակայության և իշխող Հանրապետական կուսակցության և մի շարք այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից բանավեճերից հրաժարվելու վերաբերյալ: Հարցի շուրջ քննարկվել են նաև հնարավոր օրենսդրական լուծումներ։