16 մարտի 2017 - 17:20 AMT
«Գահերի խաղի» հեղինակները՝ ամենաանհաջող դրվագի և մահվան ամենաթանկարժեք տեսարանի մասին

«Գահերի խաղը» սիրված սերիալի հեղինակներ Դևիդ Բենիոֆն ու Դեն Ուայսը Տեխասում ամեն տարի անցկացվող South by Southwest (SXSW) ամենամյա փառատոնի շրջանակում խոստովանել են, թե սերիալի որ դրվագն են ամենաանհաջողը համարում:

Ըստ Բենիոֆի և Ուայսի, սերիալն ավելի լավը կլիներ առանց առաջին եթերաշրջանի առաջին սերիայի՝ Winter Is Coming-ի տեսարաններից մեկի, գրում է RG-ն:

«Պիլոտային էպիզոդում կա մի դրվագ, որից մենք մինչ օրս ամաչում ենք: Դա այն տեսարանն է, երբ Ռոբ Սթարքին, Ջոն Սնոուին և Տեոնին սափրում են և նրանք բոլորն առանց վերնաշապիկների են: Նայում ես ու մտածում՝ իսկ սա ինչ գործ ունի այստեղ: ...Միակ պատճառը, որ այդ տեսարանը հայտնվել է այնտեղ, այն է, որ այն կրկին նկարահանվել է հիմնական նկարահանումներից մեկ տարի անց, երբ դերասանների մորուքներն արդեն միանգամայն այլ էին: Ահա և ստիպված եղանք «ավելացնել» այդ տեսարանը», -ասել է Բենիոֆը:

Սերիալի հեղինակները նաև նշել են մահվան տեսարանը, որի համար HBO-ն մեծ գումար է ծախսել: Պարզվել է, որ առաջին տեղում Մերին Թրանթի սպանությունն է Արյա Սթարքի կողմից, գրում է Korrespondent.net-ը The Telegraph-ի վրա հղումով:

Այդ տեսարանում Արյան հանում է նրա աչքերն ու կտրում է կոկորդը:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: