16 մարտի 2017 - 17:26 AMT
Փայլան և Դողան. Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին միջամտելն անընդունելի է

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Կարո Փայլանը և Սելինա Դողանն անդրադարձել են Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկված գրությանը, որով պետությունը միջամտում է պատրիարքի ընտրության գործընթացին:

Մարտի 15-ին Պոլսի պատրիարքարանի կրոնական ժողովը Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին տեղապահ էր ընտրել: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը լրատամիջոցներին էր ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությունը: Փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ և «շտապ» մակագրությամբ նամակում նշվում է, որ պատրիարքի ընտրության գործընթացը իրավաբանորեն հնարավոր չէ:

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող Փայլանը կատարվածը բնորոշել է «հեղաշրջում» բառով: Նշել է, որ Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն պատրիարքարանը ղեկավարել է որպես հոգաբարձու (պետության կողմից նշանակված անձ): Այժմ իր պաշտոնը շարունակելու համար իշխանության այն հատվածի, ում հետ կապի մեջ է եղել, հեղաշրջում են արել:

«Մենք դա չենք ընդունում, չպետք է ընդունենք: Տեղապահի ընտրություն է կայացել, երկու թեկանածույից մեկը հաղթել է: Բոլորս պետք է հաղթողին շնորհավորենք և արագացնենք պատրիարքի ընտրության աշխատանքները», - ասել է Փալյանը, «Ակօս» շաբաթաթերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավոր Սելինա Դողանն անընդունելի է համարում նահանգապետարանի միջամտությունը: Ըստ Դողանի՝ միջամտությունը որևէ իրավական հիմք չունի:

Դողանը նշել է, որ եթե նահանգապետարանը մտահոգվում է հայ համայնքի համար, ապա պետք է ականջալուր լինի համայնքին և չմիջամտի գործընթացին: Այդ միջամտությամբ, ըստ պատգամավորի, գործընթացն ավելի բարդացավ: