16 մարտի 2017 - 18:24 AMT
Օհանյանը՝ Էրեբունի հիվանդանոցում. «Խնդիրները պետք է հարթվեն»

Օհանյան-Ռաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամներն «Էրեբունի» հիվանդանոց են այցելել՝ Ջրառատի դեպքերից տուժած իրենց դաշինքի համակիրներին աջակցելու համար:

Դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանն այցելությունից հետո լրագրողներին ասել է, որ դեպքերի հետ կապված նրանց հարցեր չի տվել, միայն առողջությամբ է հետաքրքրվել: Նա ասել է նաև, որ հիմա դեպքերից տուժած իրենց համակիրները գտնվում են իրավապահների վերահսկողության տակ:

Օհանյանը նշել է, որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հետ հանդիպել է միայն միջադեպի առաջին օրը. «Խնդիրները պետք է հարթվեն և համապատասխան ընթացք պետք է տրվի գործող օրենքների շրջանակներում»:

Օհանյանի հետ հիվանդանոցում էին Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը և փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցների և նույն գյուղի գյուղապետի միջև բախում է տեղի ունեցել: ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաղորդագրություն է տարածել՝ մեկնաբանելով միջադեպը: Նա նշել է, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: Կան ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ: Գործին կտրվի համապատասխան ընթացք:

ՕՐՕ նախընտրական շտաբի տեղեկություններով մարտի 14-ին Ջրառատ գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները «զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա»:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանը՝ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, երկու և ավելի անձի միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։