17 մարտի 2017 - 13:13 AMT
Քրիս Սմոլինգ. Բախտս բերել է, որ Մխիթարյանի դեմ չեմ խաղում

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը բարձր է գնահատել իր թիմակից և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ունակությունները:

«Մենք ուրախ ենք, որ Հենրիխը վերադարձել է: Դա հիանալի է: Նա մի քանի խաղի չմասնակցեց, սակայն կարողացավ նույն մակարդակի դուրս գալ: Այժմ նա պատրաստ է, ինչպես երբեք»,-ասել է Սմոլինգը: Ըստ նրա, ՄՅՈւ կազմում բավարար են գերազանց ֆուտբոլիստները, և դա հիանալի է, գրում է «Սովետսկի սպորտը»:

«Օրինակ, Մխիթարյանը, որը մշտապես սպառնում է մրցակցի դարպասին: Նրա հետ շատ դժվար է գործ ունենալ: Նա անկանխատեսելի է, յուրաքանչյուր պաշտպան աշխարհում գիտի, թե որքան ծանր է խաղալ այդ ֆուտբոլիստի դեմ: Մի բան է նրա հետ նույն թիմում խաղալ, այլ բան՝ դիմակայել նրան: Իմ բախտս շատ է բերել, որ նրա դեմ չեմ խաղում: Նա միշտ մի քայլ առաջ է և գերազանց տեխնիկա ունի: Դա մեծ առավելություն է մեր թիմի համար»,-ասել է Սմոլինգը:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ռոստովի» հետ հաղթական խաղից հետո ասել է, որ խաղը շատ բարդ էր: «Այսօր մենք վախենում էինք լրացուցիչ ժամանակից: Դա շատ ծանր խաղ էր: «Մանչեսթեր Յունայթեդի» համար շատ ծանր էր 10-ով խաղալը, մեզ համար դժվար կլինի խաղալ նաև կիրակի օրը»,-ասել է Մոուրինյոն:

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց ռուսական «Ռոստովին»: Խաղն ավարտվել է Մոուրինյուի գլխավորած թիմի նվազագույն հաղթանակով: