17 մարտի 2017 - 13:10 AMT
ՀԲԸՄ-ն մոտ $800.000-ի կրթաթոշակ է տրամադրել 28 երկրի ուսանողներին

2016-2017թթ. ուսումնական տարիներին Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) 28 երկրի ուսանողների պարգևատրել է մոտ 800.000 դոլար կրթաթոշակ:

ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրի միջոցով աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված խոստումնալից տասնյակ հազարավոր հայ ուսանողներ աջակցություն են ստանում:

2016-2017թթ. ուսումնական տարիներին Միացյալ Նահանգներում մասնագիտական, մագիստրոսական և գիտական աստիճանի ծրագրերում ընդունված 72 ուսանող պարգևատրվել է մոտ 262.000 դոլարով: Կրթաթոշակի շահառուները ներկայացնում էին մի շարք ոլորտներ, այդ թվում` իրավաբանություն, ճարտարապետություն և բժշկություն:

ՀԲԸՄ-ն իր միջազգային կրթաթոշակների շրջանակում 380.000 դոլար է նվիրաբերել Միացյալ Նահանգներից դուրս սովորող 230 ուսանողի:

2016-2017թթ. ուսումնական տարիներին ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստի կրթաթոշակի շրջանակում 41 շահառու պարգևատրվել են ընդհանուր 113.000 ԱՄՆ դոլարի չափով: Շահառուները Հայաստանի և Սփյուռքի երաժիշտներ ու տարբեր բնագավառների արվեստագետներ են:

1920-ական թթ.-ից սկսած, ֆինանսավորվելով ՀԲԸՄ-ի դոնոր կազմակերպությունների կողմից հիմնադրված հաստատուն հիմնադրամների կողմից, ՀԲԸՄ-ի կրթաթոշակային ծրագիրը իր ներդրումն է ունեցել հայ երիտասարդների կրթական ձեռքբերումների հարցում` ֆինանսական աջակցություն տրամադրելով մոտ 40 երկրի հայկական ծագում ունեցող ուսանողներին: Ներկայումս լրացուցիչ մասնագիտական նախաձեռնությունների միջոցով ՀԲԸՄ-ի կրթաթոշակային ծրագիրը ֆինանսական աջակցություն է առաջարկում բազմաթիվ հայ ուսանողների:

ՀԲԸՄ-ն հայտեր է ընդունում 5 տարբեր ոլորտներում կրթաթոշակներ տրամադրելու համար. Դրամաշնորհների ժառանգության կրթաթոշակ Միացյալ Նահանգներում ՀԲԸՄ-ի երեք ավագ դպրոցներում սովորող ավարտական դասարանի աշակերտների համար, Միացյալ Նահանգների հետբուհական կրթաթոշակներ բարձր մասնագիտական, մագիստրոսական և դոկտորական ծրագրերի ուսանողների համար, Միացյալ նահանգներից դուրս սովորող ուսանողների համար միջազգային կրթաթոշակներ:

Ծրագրի շրջանակներ գոյություն ունեն հատուկ հիմնադրամներ. Երաժշտության, դրամայի և կինոյի բնագավառում սովորող բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար կատարողական արվեստների կրթաթոշակներ, Աստվածաբանության շուրջ հետազոտություն իրականացնող մագիստրատուրայի ուսանողների համար կրոնական ուսմունքների կրթաթոշակներ:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: ՀԲԸՄ-ն իր կրթական, մշակութային ու մարդասիրական գործունեությամբ նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործունեության շնորհիվ տարեկան մոտ 500 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին: