17 մարտի 2017 - 15:31 AMT
Զեկույց. ՀՀ-ն հետ է մնում ներդրումային գրավչությամբ Հարավային Կովկասի մյուս երկրներից

Հայաստանը ներդրումային գրավչությամբ 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի 8 երկրի թվում: Այդ մասին ասվում է «Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ներդրումային գրավչության քարտեզում», որը ներկայացրել է «Եվրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնը:

Այդպիսով, Հայաստանը զիջում է Ղազախստանին, Ադրբեջանին, Ուզբեկստանին, Վրաստանին և Ղրղզստանին:

Ըստ զեկույցի, Հայաստանը համեմատաբար դիվերսիֆիկացված տնտեսություն ունի, բավարար որակյալ աշխատուժ, համեմատաբար նպաստավոր ներդրումային կլիմա: Սակայն, բարձր են արտաքին քաղաքական ռիսկերը (Ադրբեջանի հետ զինված հակամարտության սպառնալիք), տրանսպորտային շրջափակում կա, փոքր ռեսուրսային բազա, առկա են նաև սոցիալական հակասություններ և քաղաքական ապակայունացման ռիսկ: Կանխատեսումը ՀՀ ներդրումային կլիմայի համար բացասական բնույթի է, ասվում է զեկույցում:

Հայաստանին զիջում են միայն Տաջիկստանն ու Թուրքմենստանը:

Զեկույցում ասվում է, որ բոլոր պարամետրերի վերլուծության արդյունքում առաջատարները հումքային լուրջ բազա ունեցող երկրներն են՝ Ղազախստանը, Ադրբեջանն ու Ուզբեկստանը, որոնք նաև բավականին ծավալուն ներքին շուկա ունեն: Սակայն դրական օրինակ է Վրաստանը, որը շատ համեստ ներքին ռեսուրսներով կարողացել է բարեփոխումների և իր տարանցիկ պոտենցիալի արդյունավետ օգտագործման շնորհիվ բավականին լավ դիրք ապահովել ներդրումային վարկանիշում:

Ըստ զեկույցի, երկրի տնտեսական զարգացման համար կարևոր նշանակություն ունեն հետևյալ պարամետրերը՝ սեփականության և ներդրումների պաշտպանության իրավական և գործնական մեխանիզմներ, պետության և տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարությունների առկայություն, հստակ խաղի կանոններ գործարարների համար: Բացի այդ, կարևոր են քաղաքական կայունությունը, քաղաքական ինստիտուների արդյունավետությունը, տրանսպորտային հասանելիությունը, մոտ լինելը սպառման շուկաներին: