8 հոկտեմբերի 2007 - 17:04 AMT
Հայոց ցեղասպանության դեմ պայքարին միացել է նաեւ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը
Թուրքական խորհրդարանը զգուշացնում է ԱՄՆ Կոնգրեսին, որ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունման դեպքում «հարաբերություններն երկու երկրների միջեւ կարող են լրջորեն վատթարանալ»: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ուղղված նամակում Թուրքիայի խորհրդարանի նախագահ Քոկսալ Թոփթանն ընդգծել է, որ բանաձեւի ընդունման դեպքում «չափազանց դժվար կլինի վերահսկել թուրք հասարակության արձագանքը»: Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի կողմից առաջարկ է եղել պատմաբանների հանձնաժողով ստեղծել այդ հարցի վերաբերյալ, սակայն «Հայաստանը չհամաձայնվեց»:

Մինչդեռ, վեց թուրք խորհրդարանականներից կազմաված պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն` հակազդելու համար բանաձեւի ընդունմանը: «Դա ավելի մեծ խնդիր եւ խայտառակություն կլինի ԱՄՆ-ի համար, քան Թուրքիայի: Նրանք պատմական սխալ կկատարեն, ընդունելով այդ բանաձեւը, չնայած մեր ջանքերին»,-հայտարարել է թուրքական պատվիրակության անդամ Էղեմեն Բաջիսը, գրում է «Թըրքիշ Դեյլի Նյուսը»:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ հեռախոսազրույցում դեմ է արտահայտվել 106-րդ բանաձեւի ընդունմանը: Սակայյն ըստ ԱՄՆ Սահմանադրության, նախագահն իրավունք չունի միջամտել Կոնգրեսի ջանքերին: