18 մարտի 2017 - 09:46 AMT
ՕՐՕ ընտրարշավի ընթացքում զինված միջադեպի գործով մեղադրյալը կալանավորվել է

Ջրառատում մարտի 14-ին զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մարտի 17-ին մեղադրանք է առաջադրվել 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանին։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քրեական գործով իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Ջրառատում 3 անձի մարմնական վնասվածքներ ստանալու պատճառ հանդիսացած վիճաբանության բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. մարտի 14-ին` ժամը 14-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների միջև տեղի ունեցած վիճաբանության հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով գյուղի համայնքապետարանի մոտ հանդիպել են նրանց հարազատները և կողմնակիցները։

Վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը այլ անձանց հետ միասին ծեծի է ենթարկել Մելիք Մելքոնյանին, Հակոբ Մելքոնյանին և անչափահաս Արայիկին, արձակել կրակոցներ, որի արդյունքում Մելիք Մելքոնյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, Հակոբ Մելքոնյանին և անչափահասին՝ միջին ծանրության վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Տ.Սարգսանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է: Շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ միջադեպի մյուս մասնակիցների գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Աղբյուրը հաղորդում է, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցների և նույն գյուղի գյուղապետի միջև բախում է տեղի ունեցել:

Ավելի վաղ հաղորդվել է, որԺիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռերը» ողջունել են ՕՐՕ դաշինքի համակիրների ընդվզումը