8 հոկտեմբերի 2007 - 18:00 AMT
Հոկտեմբերի 9-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարը
Հոկտեմբերի 9-ին Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուն Հայաստան կժամանի եռօրյա պաշտոնական այցով: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում ռումինական պատվիրակությանը կդիմավորեն Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ափրիամովը, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչները:

Այցի ընթացքում ռումինական պատվիրակությունը կհանդիպի Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, խորհրդարանի պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի եւ Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ:

Հոկտեմբերի 11-ին ռումինական պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան: Այցի ընթացքում փաստաթուղթ կստորագրվի երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ: