18 մարտի 2017 - 10:21 AMT
Խորենացու փողոցում անկարգությունների գործով դատապարտված Հայկ Հովհաննիսյանն ազատ է արձակվել

Խորենացու փողոցում զանգվածային անկարգությունների գործով 3 տարի ժամկետով դատապարտված Հայկ Հովհաննիսյանն ազատ է արձակվել: Այդ մասին հայտնել է վերջինիս պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է դատական ակտը և սահմանել փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

«8-ամսյա կալանքից հետո Հայկը ազատություն նվաճեց: Նշեմ, որ Հովհաննիսյանի պաշտպանությունը մինչ գործի վերաքննիչ դատարանում քննելը իրականացրել է իմ գործընկեր Աննա Ջուվանովան», - ասվում է փաստաբանի գրառման մեջ։

2016-ի հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են: