18 մարտի 2017 - 11:19 AMT
Կարկուտի դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդների ուսումնասիրության և մշակման մրցույթ կհայտարարվի

Սեղմ ժամկետներում միջազգային կազմակերպությունների կողմից կարկուտի դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդների ուսումնասիրության և մշակման մրցույթ կհայտարարվի: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստում:

Խումբը պետք է ուսումնասիրի կարկտի դեմ պայքարի միջազգային առաջադեմ փորձը, ներկայացնի առաջարկներ դրա արդյունավետ տարբերակները Հայաստանում ներդնելու համար և մշակի նշված ոլորտի զարգացման նոր հայեցակարգ: Խմբի առաջին նիստը կայացել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի և գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորությամբ:

Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններից:

Նիստի ընթացքում քննարկվել են հակակարկտային կայանքների տեղադրման արդյունավետ վայրեր ընտրելու խնդիրը, հակակարկտային ցանցեր կիրառելու տարբերակը, ապահովագրական ընկերությունների ներգրավման, առկա կայանների արդիականացման և այլ հարցեր: