18 մարտի 2017 - 15:42 AMT
Պետերբուրգում մուլտֆիլմ են նկարահանել հայկական հեքիաթի մոտիվներով

2016-ին Պետերբուրգում բնակվող լրագրող և ռեժիսոր Ինոկենտի Իվանովը 4 մուլտիֆիլմ է նկարահնել հայկական, մարիական, ադրբեջանական և բաշկիրական հեքիաթների հիման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է պատմել ռեժիսորը:

Հայկական մոտիվներով մուլտֆիլմը նկարահանվել է «Արհեստը ոսկուց թանկ է» ժողովրդական հեքիաթի հիման վրա, որի գլխավոր միտքն այն է, որ ցանկացած մարդ, ով էլ լինի, պետք է ինչ-որ արհեստ ունենա: Ըստ Իվանովի, մուլտֆիլմը նկարահանվել է ավազի վրա արված նկարների հիման վրա՝ այդպիսի մատուցումը հետաքրքիր է թվացել ռեժիսորին:

«Մուլտֆիլմերի վրա աշխատել է հայտնի նկարչուհի Մարինա Սոսնինան»,-ասել է Իվանովը:

Ռեժիսորը նշել է, որ ընտրվել են այն ժողովրդների հեքիաթները, որոնց ներկայությունը զգալի է Լենինգրադի շրջանում:

Պատասխանելով Հայաստան այցելելու ծրագրերի մասին հարցին՝ լրագրողն ասել է, որ շատ կցանկանար: «Ես մանկուց եմ սիրում Հայաստանը: Ինձ դուր է գալիս երկիրն ու այնտեղ ապրող մարդիկ, շատ ուրախ կլինեմ նորից Հայաստանում լինել»,-ասել է նա:

«Իմ թիմը, երբ նկարահանվում էր «Ոլորտներ» ծրագրի Հայաստանին նվիրված թողարկումը, շատ է պատմել այդ ճամփորդության մասին», -ասել է Իվանովը: