8 հոկտեմբերի 2007 - 20:26 AMT
Եվրոպացի դիվանագետները սկսել են զգուշավորություն ցուցաբերել Ղարաբաղ այցելությունների հարցում
Եվրոպացի դիվանագետները սկսել են զգուշավորություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղ այցելությունների հարցում: Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ավարտին: Նրա խոսքերով, վերջին ժամանակներս եվրոպական առաքելությունների այցերից հրաժարվելու հաճախակի դարձած դեպքերը ինչպես եվրոպական կառույցների վրա ադրբեջանական լոբբիի աճող ճնշման, այնպես էլ եվրոպացիների զգուշավորության արդյունքն են: «Սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմը ճնշում չի գործադրում: Մենք հայտարարեցինք, որ մեր կարծիքով, այն ճանապարհը, որն առաջարկում է Ադրբեջանը, անվտանգ չէ եւ այդ հարցը պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հետ»,-նշել է նա: Հայկական պատվիրակության ղեկավարը նշել է, որ Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի Լեռնային Ղարաբաղի գծով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, լորդ Ռասել Ջոնսթոնի եւ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ հանդիպմանը հայկական կողմն առաջարկել է շարունակել այդ հարցի քննարկումը Ստեփանակերտի հետ: Հարությունյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը քննարկումներ է նախաձեռնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից Եվրոպական մշակութային կոնվենցիայի դրույթների խախտման մասին:

«Ըստ կոնվենցիայի խոչընդոտներ չպետք է հարուցվեն մշակութապատմական օջախների ազատ այցելության համար: Սակայն միջազգային կազմակերպությունների առաքելությունների այցերը շարունակում են անհիմն մերժումների արժանանալ ադրբեջանական կողմից: Մենք պնդում ենք, որ դա կոնվենցիայի խախտում է: Դիմելով ԵԽ նախարարների կաբինետին, մենք առաջարկեցինք կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ առաքելությունները կյանքի կոչվեն»,-ընդգծել է Հարությունյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջում Ադրբեջանի ղեկավարությունը տապալեց իր տարածքում պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպան վիճակի հետ կապված հետազոտությունների անցկացումը, չհաստատելով ԵԽԽՎ մշակութային ժառանգության հարցերի ենթակոմիտեի համազեկուցող Էդվարդ Օ'Խարայի այցելության ծրագիրը տարածաշրջան: Օ'Խարայի այցը առաջին անգամը չէ, որ հետաձգվում է: Այն նախանշված էր դեռեւս 2006 թվականի մայիսի վերջին, սակայն ժամկետները տեղափոխվեցին սկզբից 2006 թվականի աշուն, իսկ հետո 2007 թվականի գարուն եւ ամառ: