20 մարտի 2017 - 16:24 AMT
ՔԿ-ն պատրաստ է «Հաց բերողի» դիազննությանը միջազգային փորձագետների ներգրավել

Քննչական կոմիտեն պատրաստ է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության հետագա գործընթացում ապահովել միջազգային փորձագետների ներգրավումը: Այս մասին ասել է ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

«Այն պահին, երբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների մատնանշած փորձագետներից որևէ մեկը կժամանի Հայաստան և պատրաստակամ կլինի ներգրավվել հետազատություների իրականացման մեջ, վարույթ իրականացնող մարմինը կստեղծի դրա համար բոլոր հնարավորությունները»,- ասել է ՔԿ ներկայացուցիչը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նրա խոսքով, Սարգսյանի դիահերձումն ավարտվել է անցած շաբաթ օրը։ Սարգսյանի փաստաբաններն ավելի վաղ միջնորդել էին, որ դիահերձմանը մասնակցեն նաև միջազգային փորձագետները: Նրանք, սակայն, չէին ժամանել Երևան։ Տռուզյանի խոսքով, դիահերձումը հնարավոր չէր հետաձգել, քանի որ, ըստ մասնագետների, այն պետք է իրականացվեր մահից 12 ժամ հետո և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում:

«Ցավով պետք է արձանագրեմ, որ տուժող կողմի ներկայացրած փորձագետներից որևէ մեկը չժամանեց Հայաստան և հնարավոր չեղավ ապահովել նրանց ներկայությունը դիահերձմանը»,- ասել է ՔԿ ղեկավարի խորհրդականը: Նրա խոսքով, դիահերձումից հետո մասնագետների կողմից առանձնացվել են հյուսվածքներից նմուշներ, որոնց հետազոտումից հետո արդեն մասնագետները կարող են որոշել մահվան պատճառն ու համգամանքները։

49-ամյա Սարգսյանը մահացել է հունվարի 16-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: «Արմենիա» ԲԿ վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանն ասել էր, որ բժիշկներն արել են հնարավորը՝ «Հաց բերողի» կյանքը փրկելու համար։

Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։