9 հոկտեմբերի 2007 - 17:53 AMT
Վրաստանի խորհրդարանը կքննարկի երկրում սահմանադրական միապետություն սահմանելու հնարավորությունը
Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն երեքշաբթի օրվա երկրորդ կեսին խորհրդակցություններ կսկսի կոմիտեների եւ խմբակցությունների ղեկավարների հետ երկրում սահմանադրական միապետություն սահմանելու հարցի շուրջ: Այդ հանդիպման ավարտին կորոշվի Վրաստանի պետական կառուցվածքի` մասնավորապես սահմանադրական միապետության ինստիտուտի ներմուծման վերաբերյալ քաղաքական բանավեճի անցկացման ամսաթիվը: Նախօրեին այդ հարցը արծարծել էր «Աջ ընդդիմություն» խմբակցությունը խորհրդարանական բյուրոյի նիստում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

Վրաստանում սահմանադրական միապետություն սահմանելու գաղափարով կիրակի օրը հանդես է եկել Ամենայն վրաց կաթողիկոս Իլիա Երկրորդը: Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն հավանություն է տվել այդ գաղափարին, հայտարարելով թե թեեւ դա այսօրվա գործ չէ, խորհրդարանը պատրաստ է քննարկել այդ նախաձեռնությունը: Իր հերթին ընդդիմության ներկայացուցիչներն արդեն իրենց հետաքրքրությունն են ցուցաբերել այդ առաջարկի հանդեպ` կարծիք հայտնելով, թե երկրում միապետության սահմանումը միակ ելքն է Վրաստանի համար: