20 մարտի 2017 - 17:04 AMT
ՊՆ. Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորել հնարավոր չէ

Զինվորական պանթեոն Եռաբլուրում «Հաց բերող» Արթուր Սարգսյանին հուղարկավորելու հարց չի կարող քննարկվել: Այս մասին ասել է ՊՆ Զինվածառողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանը:

«Եռաբլուրում հուղարկավորված են Արցախյան պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկներն ու զինծառայողները, մարտական հերթապահության ժամանակ կամ շփման գծում զոհվածները:

Մեր տեղեկատվական բազայում Արթուր Սարգսյանի՝ մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ որևէ փաստ արձանագրված չէ: Փորձել ենք նաև ջոկատների ու զորամասերի հրամանատարների միջոցով ճշտել, սակայն ոչ մի տեղից ոչ մի փաստ չենք կարողացել ստանալ», - պարզաբանել է Առուշանյանը, հաղորդում է ՀՀ Հանրային հեռուստաալիքը:

Նրա խոսքով, Սարգսյանը ԽՍՀՄ զինված ուժերում է ծառայել:

49-ամյա Սարգսյանը մահացել է հունվարի 16-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: «Արմենիա» ԲԿ վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանն ասել էր, որ բժիշկներն արել են հնարավորը՝ «Հաց բերողի» կյանքը փրկելու համար։

Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։