20 մարտի 2017 - 18:44 AMT
Փայլանը պատրիարքի ընտրությունների հարցով պարզաբանում է պահանջել ՆԳ նախարարից

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը պատրիարքական ընտրությունների վերաբերյալ հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:

Փայլանը հայցադիմումի մեջ նշել է, որ 23-ը 11-ի հարաբերակցությամբ մարտի 15-ին կայացած ընտրություններում Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոս Բեքչյանը: Իսկ ընտրությունները կայացել են 1863-ին ընդունված Ազգային սահմանադրության, Լոզանի պայմանագրի սահմանած օրենքների և կարգերի համաձայն, «Ակօս» շաբաթաթերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Փայլանը հիշեցրել է, որ ընտրություներից անմիջապես հետո Ստամբուլի նահանգապետարանից «շտապ» մակագրությամբ գրություն է ստացվել, համաձայն որի ընտրությունն իրավականորեն անվավեր է համարվում:

Փայլանը ընդգծել է, որ նահանգապետարանի գրությունը հայ համայնքում զարմանքով է ընդունվել և գնահատվել է որպես միջամտություն ընտրություններին:

Պոլսահայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել ՆԳՆ նախարարին.

1. Այս գրությունն գրելիս ի՞նչ օրնեքներ են հիմք ընդունվել:

2. Այս գրությունը «շտապ» մակագրությամբ պատրիարքարան հանձնելու հանձնարարականը ո՞վ է տվել:

3. Հայ համայնքում պատրիարքի ընտրությունների գործընթացը սկսելու հարցում համաձայնության առկայության պարագայում այս միջամտության իրական պատճառը ո՞րն է:

Մարտի 15-ին Պոլսի պատրիարքարանի կրոնական ժողովը Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին տեղապահ էր ընտրել: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը լրատամիջոցներին էր ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությունը: Փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ և «շտապ» մակագրությամբ նամակում նշվում է, որ պատրիարքի ընտրության գործընթացը իրավաբանորեն հնարավոր չէ: