9 հոկտեմբերի 2007 - 22:19 AMT
Աբդուլլահ Գյուլը գրավոր նախազգուշացում է հղել Ջ.Բուշին 106-րդ բանաձեւի ընդունման հետեւանքների մասին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, նախազգուշացնելով, որ հարաբերություններն երկու երկրների միջեւ կարող են փչանալ, եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: «Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ջորջ Բուշին բանաձեւի ընդունման դեմ ձեռնարկվող միջոցների համար եւ ուշադրությունը հրավիրել է այն խնդիրների վրա, որոնք կարող են ծագել երկու երկրների միջեւ փաստաթղթի ընդունման դեպքում»,-ասվում է Թուրքիայի նախագահի մամլո ծառայության հայտարարության մեջ: Թուրքական ԶԼՄ-ներն արդեն հայտարարել են, որ Թուրքիայում աշխատող ամերիկյան ընկերությունները մեծ վնասներ կկրեն, եթե բանաձեւն ընդունվի, հաղորդում է «Ռոյթերսը»:

Բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը կայանալու է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների համար շատ զգայուն մի շրջանում: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սահմանապահ գործողություն է պատրաստում քրդերի դեմ Հյուսիսային Իրաքում, որտեղ վերջին օրերին 15 թուրք զինվոր է սպանվել: Վաշինգտոնը հորդորում էր Թուրքիային զորքեր չգործուղել Հյուսիսային Իրաք, իրավիճակը տարածաշրջանում չապակայունացնելու համար: