Ռուսաստանը կմարի ԽՍՀՄ վերջին արտաքին պարտքը՝ $125,2 մլն վճարելով Բոսնիային և Հերցոգովինային:
Ռուսաստանը միջկառավարական համաձայնագիր է կնել Բոսնիայի և Հերցոգովինայի հետ նախկին Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության հանդեպ ԽՍՀՄ պարտավորությունների կարգավորման մասին: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը: Վճարելով Բոսնիային՝ Ռուսաստանը կմարի խորհրդային շրջանի վերջին արտաքին պարտքը:
«Գումարը հաշվարկվել է ըստ հուշագրում ամրագրված փոխարժեքի՝ 2003թ. սեպտեմբերի 17-ի դրությամբ: Վերահաշվարկի արդյունքում գումարը կազմել է $125,2 մլն և ենթակա է մարման միանվագ վճարումով համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 45 օրացուցային օրվա ընթացքում»,-ասել է Ստորչակը, գրում է Ինտերֆաքսը:
Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության նախկին հանրապետությունների՝ Խորվաթիայի, Սերբիայի, Չերնոգորիայի, Սլովենիայի և Մակեդոնիայի հետ Ռուսաստանը հաշվարկներն ավարտել է դեռ 2011-2016թթ, ըստ 2003թ. հուշագրի: