21 մարտի 2017 - 16:50 AMT
Կիև. Եթե «Եվրատեսիլի» հայ մասնակիցը եղել է Ղրիմում, նրա մասով «առանձին որոշում» կկայացվի

Կիևում հայտարարել են, որ եթե «Եվրատեսիլի» Հայաստանը ներկայացնող մասնակիցը եղել է Ղրիմում, նրա մասով «առանձին որոշում» կկայացվի: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:

Նա հավելել է, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը կստուգի, թե արդյոք «Եվրատեսիլի» հայաստանյան մասնակիցը չի խախտել Ուկրաինայի օրենսդրությունը, գրում է Life.ru-ն:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկ Հարությունյանը: Մրցույթը կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում:

«Չի կարելի ՌԴ մասնակից Յուլիա Սամոյլովային պատասխանատվության կանչել Ղրիմ այցելելու համար, իսկ մյուսներին՝ ոչ: Դա անարդար կլինի: Եթե Հայաստանի մասնակիցը ելույթ է ունեցել Ղրիմում, դա կդիտարկվի բոլոր կետերով»,-ասել է նա:

Գերաշչենկոն նշել է, որ մրցույթի բոլոր մասնակիցները ստուգման կենթարկվեն Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից՝ պարզելու համար, թե ով է եղել Ղրիմում:

Հայաստանի պատվիրակ Արծվիկ Հարությունյանը մայիսի 9-ին կկատարի Fly with me երգը «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակչում: Մրցույթը կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաև այլ երկրներին՝ միավորվելու և տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները: