Մարտի 21-ին Երևանում նախաստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինին և Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին։
Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ փաստաթուղթը նոր էջ կբացի Հայաստանի և Եվրոպական միության և նրա անդամ երկրների հետ հարաբերություններում։
Նալբանդյանը շեշտել է, որ համաձայնագիրը կստորագրվի 2017-ի ընթացքում: ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ փաստաթուղթը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս Է Եվրոպական միության հետ իր համագործակցությանը։
Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը։
Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաև առևտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Եվրոպական միության անունից նախաստորագրել են գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, ինչպես նաև ԵՄ կողմի առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը։
2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին: