«Ռոսսելխոզնադզորը» մտադիր չէ չեղարկել Թուրքիայից սննդամթերքի ներկրման գործող սահմանափակումները: Այդ մասին հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Յուլիա Մելանոն:
Մարտի սկզբին հրապարակվել է ՌԴ կառավարության որոշումը, ըստ որի հանվեցին Թուրքիայից սոխի, ծաղկակաղամբի, աղի, մաստակի և մեխակների ներկրման սահմանափակումները: Արգելքի տակ է մնում սառեցված մսի և թռչնամսի, թարմ և սառեցված լոլիկի, վարունգի, թարմ խաղողի, խնձորի, տանձի, ելակի և մորու ներկրումը:
«Ռոսսելխոզնադզորը» չի դիտարկում թուրքական մթերքի գծով եղած սահմանափակումների չեղարկման հարցը»,-ասել է Մելանոն, հայտնում է «Իզվեստիա» թերթը:
ՌԴ գյուղատնտեսության նախարարությունում նշել են, որ «թուրքական բանջարեղենի և մրգի ներկրման սահմանափակումների ամբողջական կամ մասնակի չեղարկումը պետք է քննարկվի թուրքական կողմից ռուսական արտադրանքի հարցում սահմանափակումների չեղարկմանը զուգահեռ»:
Մարտի 15-ից Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են լիցենզիայի տրամադրումը ռուսական ցորենի, եգիպտացորենի և բուսական յուղի ներկրման համար: Դա փաստացի նշանակում է ՌԴ-ից գյուղմթերքի ներկրման էմբարգոյի հաստատում:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը հերքում է արգելքի ներմուծումը, սակայն Անկարայում ՌԴ առևտրային ներկայացուցիչը հայտնել է, որ նախարարությունը հանել է Ռուսաստանն այն երկրների ցանկից, որոնց դեպքում կիրառվում է զրոյական մաքսատուրք: