22 մարտի 2017 - 18:50 AMT
Դինքի սպանության գործով Գյուլենին ձերբակալելու որոշում կա

Թուրքական դատարանը «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացրել:

Ստամբուլի դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն Դինքի սպանության հետաքննության շրջանակներում Ֆեթուլլահ Գյուլենին և մի քանի այլ անձանց ձերբակալելու պահանջ էր ներկայացրել դատարան, Haberler-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Բավարարելով դատախազության միջնորդությունը՝ դատարանը Գյուլենին, նախկին դատախազ Զեքերիա Օզին, լրագրողներ՝ Ֆարուք Մերջանին, Էքրեմ Դումանլըին, Ադեմ Յավուզ Արսլանին և փաստաբան Իբրահիմ Քոջային ձերբակալելու որոշում է կայացրել:

Պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: