11 հոկտեմբերի 2007 - 11:38 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը եւ, ըստ ԱՄՆ Սահմանադրության, ուղարկեց այն Ներկայացուցիչների պալատ վերջնական քվեարկության համար: Բացելով նիստը, հանձնաժողովի նախագահ Թոմ Լանտոսը կոչ է արել կոնգրեսականներին «քվեարկել ըստ խղճի»:

Կալիֆորնիայից կոնգրեսական Էդվարդ Ռոյսը, բանաձեւի ընդունումը չափազանց կարեւոր է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ողջ աշխարհի համար: «Եթե մենք հավանություն չտանք 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին բանաձեւին, վաղը այն կարող է կրկնվել»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ, կոմիտեի անդամները, որոնք դեմ էին այդ որոշման կայացմանը, նշել են, որ «այսօրվա Թուրքիան Օսմանյան կայսրությունը չէ եւ նա պատասխանատվություն չի կրում 90 տարի առաջ կատարված հանցագործության համար»:

«Արտաքին գործերի կոմիտեն հավանություն տվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին, ինչը նշանակալի առաջընթաց է 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին որպես ամերիկացիներ բացահայտ եւ ազնիվ խոսելու մեր իրավունքի վերականգնման համար, ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների Թուրքիայի ճնշումից զերծ մնալու ազատության համար: Որպես ամերիկացիներ, մենք միշտ պետք է կարողանանք ազատ խոսել մարդու իրավունքների մասին եւ երբեք թույլ չտանք, որ այլ ազգ միջամտի ազգային արտաքին քաղաքականության կամ էթիկայի գործերին»,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս բանաձեւին աջակցում են 227 կոնգրեսականներ: 106-րդ բանաձեւն ընդամենը «Պալատի բանաձեւ է» (The House resolution): Նման բանաձեւերը չեն դրվում Սենատի հաստատմանը եւ չեն ստորագրվում նախագահի կողմից: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ հեռախոսազրույցում դեմ է արտահայտվել 106-րդ բանաձեւի ընդունմանը: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նույնպես նամակ էր հղել Բուշին` «սպառնալով երկու երկրների միջեւ հարաբերությունների վատթարացմամբ»: