Մարտի 22-ին ՀՀ պատանի բադմինտոնիստները մեկնեցին Իսրայել` մասնակցելու միջազգային մրցաշարի:
Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը հայտնել է, որ մրցաշարին կմասնակցի 3 մարզիկ:
«Թել Ավիվում հանդես են գալու պատանիների երկու տարիքային խումբ՝ Մ13 և Մ15 տարեկաններ: Մ13 տարեկանների մրցաշարում Հայաստանը կներկայացնի Էլեն Տիրատուրյանը, իսկ Մ15-ում` Գայանե Մամաջանյանը և Սվետլանա Բոյաջյանը:
Կարծում եմ` մեր պատանիները լավ հանդես կգան և մրցանակային տեղեր կզբաղեցնեն: Կմրցեն ինչպես մենախաղում, այնպես էլ` զուգախաղում:
Մամաջանյանը և Բոյաջյանը միասին հանդես կգան զուգախաղում, Սվետլանան նաև խառը զուգախաղում` Իսրայելի ներկայացուցչի հետ: Տիրատուրյանը բացի մենախաղից կմրցի զուգախաղում Իսրայելի ներկայացուցչի հետ»,- հայտնել է Պողոսյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Մրցաշարն անցկացվում է մարտի 23-25-ը: Թիմը մեկնել է պատանիների գլխավոր մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի ղեկավարությամբ: