23 մարտի 2017 - 11:48 AMT
Ծառուկյան. «Եթե ծրագրիս 15 կետը կատարվի, պատրաստ եմ քաղաքական այլ ուժերի հետ կոալիցիա կազմել»

«Ծառուկյան» դաշինքը գլխավորող Գագիկ Ծառուկյանը պատրաստ է կոալիցիա կազմել ՀՀ այլ քաղաքական ուժերի հետ:

«Առաջին խնդիրը 15 կետն է իմ ժողովրդի համար․ կլինի դա՝ կլինի կոալիցիա, չի լինի՝ ուրեմն ոչ մեկի հետ էլ դաշինքը չի գործակցի: Ես իմ պատիվը չեմ վաճառում և այսօր ես կարիք չունեմ քաղաքականության մեջ լինել պաշտոնի համար, իմ խնդիրը հետևյալն է՝ իմ ժողովրդին պարտք ունեմ տալու: Եթե իմ գործընկերները, կոալիցիա կազմողները կհամաձայնվեն, որ իմ 15 կետը կատարվի՝ ուրեմն կկազմեմ, եթե չէ՝ ուրեմն ոչ մեկի հետ էլ չեմ կազմի կոալիցիա», - ասել է Ծառուկյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ծառուկյան» դաշինքն ԱԺ ընտրություններին ընդառաջ ներկայացրել է 15 առաջնահերթ քայլ՝ իշխանության գալու դեպքում: Սակայն չի նշվում, թե որքան գումար է անհրաժեշտ, ինչպես նաև՝ եկամտի լրացուցիչ աղբյուրները: