23 մարտի 2017 - 12:29 AMT
Ընտանեկան դրամագլխի օգտագործման մասին որոշումն ուժի մեջ է մտել

Մարտի 23-ից ուժի մեջ է մտնում ընտանեկան դրամագլխի օգտագործման վերաբերյալ կառավարության համապատասխան որոշումը, որի համաձայն 2017 թվականի ընթացքում ևս ընտանեկան դրամագլխի գումարը կարելի է տնօրինել նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո։ Այդ մասին ասվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության մեջ:

Քաղաքացիները կարող են օգտագործել նշված գումարը նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից՝ ցանկացած բանկային հաշվի պարբերաբար փոխանցելու միջոցով, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 դրամը։

25000-ական դրամը ամսական պարբերականությամբ բանկային հաշվին փոխանցելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը բանկին պետք է ներկայացնի համապատասխան դիմում: Բանկը դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է դիմողի կողմից ներկայացրած բանկային հաշվին ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը:

Մինչև ապրիլի 1-ը դիմելու դեպքում ընտանեկան դրամագլխից 25 000-ական դրամը կարելի է տնօրինել նաև հունվար, փետրվար և մարտ ամիսների համար:

2017 թվականի ապրիլի 1-ից հետո դիմելու դեպքում ընտանեկան դրամագլուխը պարբերական վճարումներ կատարելու միջոցով կարող է տնօրինվել դիմելու ամսվա 1-ից:

25000 դրամը բանկային հաշվին փոխանցելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը բանկին ներկայացնում է դիմում: Բանկը դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է դիմողի կողմից ներկայացված բանկային հաշվին ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը:

Ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում: 3-րդ և 4-րդ երեխաների ծնվելուց հետո պետությունը տրամադրում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ 1 մլն դրամի չափով, որից 500 000-ը անմիջապես վճարվող գումարն է, մյուս 500 000 դրամը, որպես ընտանեկան դրամագլուխ, փոխանցվում է նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին:

5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` պետությունը տրամադրում է 1.5 մլն դրամ ծննդյան միանվագ նպաստ, որից մեկ միլիոն դրամը որպես ընտանեկան դրամագլուխ: