11 հոկտեմբերի 2007 - 16:11 AMT
ԱՀՀ-ն հուսով է, որ ԱՄՆ-ում բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի հայ համայնքը հետապնդումների չի ենթարկվի
Թուրքիան խուճապի է մատնվել եւ որոշում է, թե ինչ քայլեր ձեռնարկի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում կասեցնելու եւ միաժամանակ «դեմքը չկորցնելու» համար: Նա հիանալի գիտի իր պատմությունը: Եթե Ներկայացուցիչների պալատն ընդունի բանաձեւը, հետո, իրավիճակի բարենպաստ զարգացման դեպքում նաեւ ԱՄՆ Սենատը, Թուրքիան պետք է լրջորեն մտածի իր ապագյի մասին»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի` ԱՀՀ-ի Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նա հույս է հայտնել, որ թուրքական կառավարությունը սխալ չի կատարի եւ հետապնդումների չի ենթարկի Ստամբուլի հայ համայնքին: Ինչ վերաբերում է ընդունված բանաձեւի ազդեցությանը հայ-թուրքական հարաբերությունների վրա, ապա, ըստ Վարդանյանի, դրա մասին դեռեւս վաղ է խոսել: «Դրանք կարող է վատանան, թեեւ կարծես թե վատանալու տեղ չունեն, կարող են նաեւ բարելավվել: Ժամանակը ցույց կտա»,-ասել է Վարդանյանը:

Հերթական անգամ հիշեցնելով, որ բանաձեւն օրինագիծ չէ, որը պետք է հաստատի Սենատը եւ ստորագրի Ջորջ Բուշը, այլ ընդամենը «Պալատի կարծիքն է»` ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կարծիքն անպայման հաշվի է առնվում աշխարհում: «ԱՄՆ-ն ուժեղագույն տերություն է եւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպան: 106-րդ բանաձեւն ակնհայտորեն ցույց տվեց դա: Սակայն պետք չէ մոռանալ, որ ցանկացած որոշում, նույնիսկ բարոյական հենքի վրա, նաեւ քաղաքական է»,-ասել է Ա.Վարդանյանը: