24 մարտի 2017 - 12:11 AMT
ԿԸՀ. Քվեաթերթիկի առաջին էջում արված «V» նշումն այն անվավեր չի դարձնի

Ապրիլին կայանալիք ԱԺ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի առաջին էջում կատարված միատեսակ (V) նշումը չի կարող գնահատվել որպես ավելորդ գրառում և չի կարող հանգեցնել քվեաթերթիկի անվավերության: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ մարտի 22-ին հրապարակած պարզաբանման մեջ:

Նշվում է, որ քվեաթերթիկն անվավեր չի լինի, եթե առաջին էջում նշումը կատարվել է ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանման կամ քվեաթերթիկում նշված՝ կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների տվյալների մոտ:

Մինչև այս պարզաբանումը նշվում էր, որ ընտրողը չպետք է որևէ նշում կատարի կուսակցության քվեաթերթիկի առաջին էջում: Միատեսակ նշումը պետք է արվեր միայն թերթիկի դարձերեսին՝ ռեյտինգային ընտրացանկով առաջադրված թեկնածուներից որևէ մեկի անվան դիմաց:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 25-ի նիստում վիճակահանությամբ սահմանել է ԱԺ ընտրություններին մասնակցող 9 ուժի համարները: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում հետևյալ համարները կունենան. ԵԼՔ դաշինք - 1, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն - 2, «Հայկական վերածնունդ» կուսակցություն - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 6, Հայաստանի կոմունիստական կուսակցություն - 7, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք - 8, Հայ Հեղափոխական կուսակցություն - 9: