12 հոկտեմբերի 2007 - 14:42 AMT
Թուրքիան չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից, որպեսզի կտրուկ քայլերի դիմի
Թուրքիան շատ ուժեղ է կախված ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ից եւ ԵՄ-ից եւ շատ կտրուկ քայլերի չի դիմի ԱՄՆ-ի նկատմամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասի ինստիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի նկատմամբ Թուրքիան նույն քայլերն է ձեռնարկելու, ինչ Ֆրանսիայի եւ Լեհաստանի նկատամամբ ձեռնարկեց, երբ նրանք ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: «Խիստ հայտարարություններ կլինեն, սակայն ամբողջական խզում չի լինի: Նույնիսկ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան իրեն տեսնում է եվրաատլանտյան աշխարհում, այլ ոչ թե որպես մերձավորարեւելյան շրջանի հատված»,- նշել է Իսկանդարյանը: Նա նաեւ նշել է, որ ճնշումը Թուրքիայի վրա գնում է բոլոր ուղղություններով` քրդական հարցից մինչեւ հասարակության ժողովրդավարացում: «Իսկ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը, որը հավանություն է ստացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի կողմից, կարեւոր գործիք է այդ գործընթացում»,- ընդգծել է հայ քաղաքագետը: