25 մարտի 2017 - 15:08 AMT
spotlight.am. Քաղաքացիական ֆոտոլրագրության հարթակը բարձրաձայնում է մարզերի խնդիրները

Մարտի 25-ին` Սարգիս Մուրադյան ցուցասրահում բացվեց «spotlight.am | քաղաքացիական ֆոտոլրագրության անկախ հարթակ» եռօրյա ֆոտոցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են հարթակում գործարկումից ի վեր հրապարակված լավագույն 10 ֆոտոպատմությունը: Ֆոտոռեպորտաժները հարթակի օգտատերերը պատրաստել են Տավուշի, Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում: Ֆոտոցուցահանդեսը կգործի մինչև մարտի 27-ը՝ ներառյալ:

spotlight.am-ը քաղաքացիական ֆոտոլրագրության հարթակ է, որը լուծում է մարզային իրադարձությունների լուսաբանման խնդիրը: Քանի որ Հայաստանում մեդիա դաշտը հիմնականում կենտրոնացած է մայրաքաղաքի վրա ու լուսաբանում է տեղի իրադարձությունները, լրագրողները հաճախակի չեն հասնում մարզեր, կամ ուշ են հասնում: Հաճախակի ԶԼՄ-ներն իրենք չեն կարողանում լրագրողներին մարզ ուղարկել, քանի որ մարդկային ռեսուրսի բացակայության մեծ խնդիր ունեն:

PAN-ը լուծել է մարզային իրադարձությունների լուսաբանման խնդիրը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ստեղծելով spotlight.am-ը, որը բացի խնդիրը լուծելուց նաև կապում է ԶԼՄ-ներին մարզային իրադարձությունները լուսաբանողների հետ: Նախագիծը մեկնարկել էր Տավուշի ու Շիրակի մարզերից, լուսաբանողները հենց տեղացիներն են:

Գործակցելով հարթակի հետ, օգտատերերը քաղաքացիական ֆոտոլրագրությամբ են զբաղվում՝ բարձրաձայնելով խնդիրներն ու նպաստելով իրենց բնակավայրի մասին տեղեկատվության աճին: Հարթակի յուրաքանչյուր օգտատեր ֆոտոլրագրող է, որը լուսաբանում է իր մարզում/ քաղաքում/ գյուղում կատարվող իրադարձությունն ու լուսանկարներ հրապարակում՝ մանրամասն նկարագրելով, թե ինչ ու ինչպես է եղել, ԶԼՄ-ներն էլ, իրենց հերթին, հետևում են հարթակին, տեղեկանում այդ ամենի մասին ու օգտվում հրապարակումներից: