25 մարտի 2017 - 17:39 AMT
Հանդիպում Ֆլետչերի դասախոսների և ուսանողների հետ. Քննարկվել են 2004-2016-ի մակրոտնտեսական զարգացումները

ՀՀ ֆինանսերի նախարար Վարդան Արամյանն ընդունել է ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի պատվիրակությանը, որի անդամներն էին դպրոցի թվով 4 դասախոս և 68 ուսանող:

Նախարարը հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով համաշխարհային տնտեսական զարգացումները և, մասնավորապես, երկրի տնտեսական վիճակը: Քննարկվել են 2004-2016 թվականների մակրոտնտեսական զարգացումները, արտարժույթի տատանումների ազդեցությունը ապրանքային գների վրա, ներկայացվել է երկրի դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը, ինչպես նաև օտարերկրյա ուղղակի ներդրումներն ու փոխանցումները` որպես տնտեսական աճն ապահովող հիմնական գործոններ:

Նախարար Արամյանը, ով նույնպես հանդիսանում է Ֆլետչերի դպրոցի շրջանավարտ, պատասխանել է աշխարհի լավագույն դպրոցներից մեկի սաների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի` ԵԱՏՄ-ի շրջանակում տնտեսական հնարավորություններին և ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարին:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետները, ովքեր ևս ունեցել են հնարավորություն ուսանել հեղինակավոր այս բուհում՝ կատարելագործելով իրենց մասնագիտական կարողությունները: