27 մարտի 2017 - 13:40 AMT
2 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ՝ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունից

Մարտի 24-ից 25-ը Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում անցկացվել է Սամբոյի աշխարհի գավաթի՝ Ա.Խառլամպիևի հուշամրցաշարը, որտեղ գերազանց են հանդես եկել Հայաստանը ներկայացնող սամբիստները:

Ա.Խառլամպիևի հուշամրցաշարում մրցել են 29 երկրի մոտ 200 ուժեղագույն սամբիստը՝ մարզաձևի մարզական և մարտական դասերում:

Մրցումների առաջին օրը մարզական սամբոյին 52 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Տիգրան Կիրակոսյանը, իսկ 82 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ է նվաճել Դավիթ Գրիգորյանը:

Ջոն Բալայանը (52 կգ) արժանացել է բրոնզե մեդալի, Մավրիկ Նասիբյանը (74կգ)՝ արծաթե, իսկ Սամվել Բադալյանը, ճանաչվելով լավագույնը 62կգ քաշային կարգում, նվաճել է ոսկե մեդալ:

Այսպիսով, Հայաստանի մարտական սամբոյի հավաքականը թիմային հաշվարկով գրավել է երրորդ տեղը, տեղեկացնում է ՀՀ սամբոյի ֆեդերացիան:

Փետրվարին անցկացված A դասի մեկ այլ մրցաշարում՝ Բելոռուսի բաց առաջնությանը, ոսկե մեդալ էր նվաճել 57 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը: Արիլին և մայիսին տեղի կունենան Եվրոպայի առաջնությունները՝ նախ պատանիների ու երիտասարդների մասնակցությամբ, ապա՝ մեծահասակների: