ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն ընդունել է Հայաստանում գտնվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի վերահսկողության, զննության և կարանտինի գլխավոր ադմինիստրացիայի պատվիրակությանը՝ սննդամթերքի անվտանգության վերահսկողության վարչության պետի տեղակալ Խինֆա Դուի գլխավորությամբ:
Չինաստանի գործընկեր կառույցի պատվիրակության այցի նպատակն է տեղում ծանոթանալ հայկական մեղրի և մեղվաբուծական մթերքի արտադրության պայմաններին ու որակին՝ հեռանկարում ունենալով դրանք Չինաստան ներկրելու ծրագիր:
Ծառայության պետ Կարապետյանը կարևոր է համարել սննդամթերքի անվտանգությունն ապահովող երկու երկրի լիազոր մարմինների միջև փոխգործակցությունն ու մասնագետների միջև շփումները՝ առանձին խմբերի ապրանքների արտահանմանը խթան հանդիսանալու տեսանկյունից: Նա նաև նկատել է, որ Հայաստանն ունի ոչ միայն մեղրի, այլ նաև սննդամթերքի այլ տեսակների արտահանման մեծ ներուժ և արտաքին շուկայում մրցունակ ու անվտանգ արտադրանք:
Հանդիպմանը քննարկվել են երկու երրի ներկրման և արտահանման ընթացակարգերը, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկման մեխանիզմները: Նախանշվել են նաև առաջիկա օրերին համատեղ աշխատանքի ուղղություններն ու ժամանակացույցը:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսական խորհրդական Վանգ Հոնգլիանգը, ինչպես նաև ՍԱՊԾ պաշտոնյաներ: