Մարտի 27-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է չեխական Foodish s.r.o. ընկերության սեփականատեր Կարեն Սարգսյանի հետ։ Նա նշել է, որ մտադիր են մեծացնել դեպի Եվրոպա արտահանվող արտադրատեսականին, ընդլայնել իրենց գործունեությունը Հայաստանում և հայկական ընկերությունների հետ համագործակցության շրջանակը:
Ընկերությունը զբաղվում է վերամշակված գյուղատնտեսական ապրանքների ներկրմամբ, փաթեթավորմամբ և մեծածախ առևտրով՝ համագործակցելով Չեխիայի խոշոր ցանցերի հետ։
Գործարարը նախարարին տեղեկացրել է, որ 2016- ից Foodish s.r.o. ընկերությունը Հայաստանից արտահանում է պահածոներ դեպի եվրոպական շուկա։
Գործարարը հավելել է, որ նաև լոգիստիկ կենտրոնների ստեղծման ծրագրեր ունեն։
Նախարար Կարայանը նշել է, որ լոգիստիկ կենտրոնների առկայությունը Հայաստանում և Եվրոպայում հայ գործարարների համար չափազանց կարևոր է, և ավելացրել, որ նախարարությունը պատրաստակամ է օժանդակել այս հարցում։ Նախարարը գործարարին է ներկայացրել Հայաստանում գործունեություն ծավալելու համար աջակցության գործիքակազմը, որը կարող է խթանել և դյուրացնել բիզնեսը։
Կարայանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ընկերության հետ՝ վերջինիս ծրագրերը իրականություն դարձնելու նպատակով։