29 մարտի 2017 - 10:26 AMT
ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահ. Պայմանավորվածություն կա Կասպրշիկի խմբի կազմն ավելացնել 7 հոգով

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի խմբի ընդլայնման հարցը։ Այդ մասին մարտի 28-ին, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

Նա հավելել է, որ ինչպես արդեն հայտնի է, պայմանավորվածություն կա խմբի կազմն ավելացնել 7 հոգով: Պոպովի խոսքով, այդ կապակցությամբ կան որոշ տեխնիկական հարցեր, որոնք ուշացնում են գործընթացը, հայտնում է Արցախպրեսը:

«Անջեյ Կասպշիկը ներկայացրել է իր տեսակետը, թե ինչպես այն կատարել: Դա այն հարցերից է, որ մենք նախատեսում ենք քննարկել Վիեննայում, ապրիլին»,- ասել է Պոպովը՝ ավելացնելով, որ տարածաշրջան կատարած այցի ընթացքում նախագահների հետ քննարկել են արդեն ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ հարցեր:

Խոսելով բանակցությունների մասին՝ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտինասել է, որ գործընթացը շարունակվում է, և շատ հագեցած երկխոսություն կա կողմերի հետ: Նա հավելել է նաև, որ Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, եթե համաձայնություն ձեռք բերվի:

Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը եւ չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից: