29 մարտի 2017 - 13:55 AMT
ԵԽԽՎ պավիրակությունը դիտարկելու է ՀՀ խորհրդարանական ընտրությունները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 22 հոգանոց պատվիրակությունը կդիտարկի ապրիլի 2-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունները՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ համատեղ:

Մինչև ընտրությունների օրը ԵԽԽՎ պատվիրակությունը կհանդիպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, արդարադատության նախարարի, քաղաքական հիմնական կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀԿ-ների ու լրատվամիջոցների հետ։

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը: