«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Ելք» դաշինքների՝ ՀՀԿ ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու քայլն, ավելի շուտ նախընտրական հնարք է: Lրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա, նախ մի ուժն է դիմել, հետո՝ երկրորդը, որ հետ չմնա. «իրենց մեջ է մրցապայքարը», գրում է Panorama.am-ը:
Շարմազանովն ասել է նաև, որ ՀՀԿ կենտրոնական շտաբն արդեն արձանագրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության տարածած տեղեկատվությանը՝ իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ձայնագրություններ էր ներկայացրել, որտեղ բազմաթիվ դպրոցների տնօրեններ հաստատում են ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքագրելու փաստը:
ՀՀԿ մամուլի խոսնակը նշել է, որ իրավապահ մարմինները սահմանված կարգով իրենց գործառույթները կատարում են. «Բայց այն աժիոտաժը, վիրավորական պահվածքը, որ եղել է որոշ գործիչների, այդ թվում նաև քաղաքական գործիչների կողմից, անթույլատրելի է: Ո՞վ է բարոյական իրավունք տվել այդ տնօրեններին վիրավորել: Կա անմեղության կանխավարկած»։
ԿԸՀ-ն մերժել է ՕՐՕ-ի դիմումը: