16 հոկտեմբերի 2007 - 17:30 AMT
Հայաստանի դեսպան. Լիբանանը հանդիսանում է մեծ տերությունների շահերի կենտրոն
«Այդ փոքրիկ երկիրը... որն այնքան կարեւոր է»,- դեռեւս 19-րդ դարի 40-ական թվականներին ասել է Ավստրիայի նշանավոր կանցլեր, իշխան Մետեռնիխը խոսելով Լիբանանի մասին: Թե այդ ժամանակներում, թե դրանից հետո Լիբանանը թեեւ տարածքով աշխարհի ամենափոքր երկրներից է բայց այստեղ բախվում են բազմաթիվ պետությունների, այդ թվում եւ մեծ դերակատարների շահերը: Դա կարելի է բացատրել թե Միջերկրականի ափերին ունեցած ստրատեգիական դիրքով, թե բազմակրոն ու բազմահամայնք հասարակությամբ, Իսրայելի հետ անմիջական հարեւանությամբ եւ մի շարք այլ պատճառներով»,- PanARMENIAN.Net-ին տված հարցարզույցում հայտարարել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը: Նրա խոսքերով, այսօր եւս մեծ է հետաքրքրությունը Լիբանանի, հատկապես առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ: Բանն այն է որ այս հարցը չի դիտվում որպես մեկուսի մի հարց, այլ Մերձավոր Արեւելքում «արեւմտամետ» եւ «հայրենասիրական» ուժերի միջեւ ծավալված հսկա պայքարի մի դրվագը: Նույնպիսի երկու ճամբարներում են խմբավորվել նաեւ Լիբանանյան քաղաքական ուժերը: «Միաժամանակ երկու կողմերում էլ կան քաղաքական գործիչներ, որոնք շատ լավ հասկանում են, որ հարցի լուծումը պետք չէ դրսում փնտրել, որ Լիբանանի նախագահի ընտրության հարցը կարող է ունենալ միայն մեկ` լիբանանակենտրոն լուծում: Հուսով ենք որ այս վերջին մոտեցումը կհաղթանակի եւ բարեկամ այս երկիրը պատվով դուրս կգա այս իրավիճակից, հարգելով սահմանադրական նորմերն ու պահպանելով երկրի ամբողջականությունը: Լիբանանը ունի ընդամենը երկու հարեւան` Իսրայելը եւ Սիրիան: Ավելորդ է նշել թե ինչպիսին են եղել Իսրայելի ու Լիբանանի հարաբերությունները այդ երկու պետությունների գոյության ողջ ընթացքում: Բնականաբար Սիրիան (որն ի դեպ տարածքով, բնակչության թվով ու ռեսուրսներով բազմակի գերազանցում է հարեւանին) միշտ էլ կարեւոր դեր է ունեցել եւ ունի Լիբանանի կյանքում: Բացի այդ, կա լեզվական ընդհանրություն, ինչպես նաեւ պատմական ու ազգակցական բազմաթիվ ու բազմապիսի կապեր»,- ասել է Վահան Տեր-Ղեւոնդյանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ